Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի գոչծում։ «Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենը, ինչ պարտադրվում է իրենց: Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է Քարնին։                
 

Պարոն Պուտին, թույլ մի տվեք, որ Թրամփը նվաստացնի Ձեզ, ԱՄՆ-ը՝ Ռուսաստանին, ինչ էլ որ արժենա թույլ չտալու գինը

Պարոն Պուտին, թույլ մի տվեք, որ Թրամփը նվաստացնի Ձեզ, ԱՄՆ-ը՝ Ռուսաստանին, ինչ էլ որ արժենա թույլ չտալու գինը
16.01.2026 | 11:31

Արժանապատվությունը կյանքից էլ վեր է

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին, նրա ղեկավարությանը հմտորեն պահում է իր ուկրաինական կարթի կեռիկի վրա, իսկ այդ կեռիկի վրա նույնիսկ որդ չէ, այլ փուչիկ… Հիմա էլ մեկ նալին, մեկ մեխին խփող Թրամփն ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Զելենսկին արգելակում է խաղաղ գործընթացը, և ռուսական որոշ լրատվամիջոցներ դա ներկայացրել են յուրովի:

Նկատենք՝ Թրամփը չի ասել, որ հենց Զելենսկին կամ միայն Զելենսկին է արգելակում խաղաղ գործընթացը, քանի որ նա նախկինում նմանաբնույթ, թեև այս դեպքում արդեն հանիրավի մեղադրանք ներկայացրել է նաև Մոսկվային՝ այդ առումով քանիցս իր հիասթափությունը հայտնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, և բացառված չէ, որ առաջիկայում ևս դարձյալ նույն կերպ վարվի: Բայց, ահա, ռուսական պաշտոնական դիրքորոշումն արտահայտող ԶԼՄ-ներից, օրինակ, ТАСС-ը գրել է , որ Կրեմլը համաձայն է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման հետ, որ հենց Վլադիմիր Զելենսկին է արգելակում Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացը, ընդ որում, որպես այդ հայտարարության հեղինակ ներկայացնելով Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

Մինչդեռ Թրամփի հայտարարությամբ ոգևորվելու փոխարեն, Կրեմլն այսօր պետք է նրանից խստորեն պահանջի դադարեցնել միջամտությունն ինքնիշխան պետություններ և իր դաշնակիցներ Իրանի և Վենեսուելայի ներքին գործերին, ինչպես նաև նրանց նկատմամբ ռազմական ագրեսիայի սպառնալիքները և այդ ուղղությամբ այժմ գործնականում կատարվող նախապատրաստությունը: Ավելին. ոչ միայն պետք է պահանջի, այլև, Չինաստանի հետ միասին, պետք է ռազմաքաղաքական հակազդեցության կոշտ միջոցներ ձեռնարկի՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի և Վենեսուելայի գրավումը, իսկ ավելի վաղ Վենեսուելայի շրջափակումը թույլ չտալու համար, ինչպես նաև տնտեսական արդյունավետ միջոցներ պետք է ձեռնարկեր՝ Միացյալ Նահանգների կողմից նշված պետություններին տնտեսապես խեղդելը թույլ չտալու համար: Չգիտեմ՝ ժամանակը վերը նշվածների առումով գուցե արդեն բաց է թողնված…

Տեսեք ինչ են հայտարարում և գործնականում անում Թրամփը, Միացյալ Նահանգները: ԱՄՆ-ի նախագահը, ըստ էության, հայտարարել է, որ Արևմտյան կիսագունդը պատկանում է իրեն, իր կենսական շահերի և ազդեցության գոտին է, և ինքն այնտեղ չի հանդուրժելու Ռուսաստանի խաղերը, Ռուսաստանի, Չինաստանի ազդեցությունը, ներկայությունը:

ԱՄՆ-ը գործնականում ու հետևողականորեն վարում է Արևմտյան կիսագնդից Ռուսաստանին վռնդելու, վտարելու, ոտքի տեղ և նույնիսկ դրա իրավունքն ունենալուց զրկելու քաղաքականություն, որպեսզի Մոսկվային զրկի այնտեղ իր տնտեսական շահերն ունենալու և պաշտպանելու, Արևմտյան կիսագնդի մի շարք պետությունների հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության հնարավորությունից, ինչպես նաև Վենեսուելայում և Կուբայում ավիաբազա կամ ռազմածովային ուժերի բազա ունենալու երազանքից անգամ:

Վերոնշյալի մասին են վկայում վերջերս միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան Ռուսաստանի դաշնակից Վենեսուելայի նկատմամբ, նրա նախագահ Նիկոլաս Մադուրոյի և վերջինիս տիկնոջ գերեվարումը, Թրամփի, ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և այլոց միմյանց հաջորդող ռազմական ագրեսիայի սպառնալիքները ՌԴ մեկ այլ դաշնակցի՝ Կուբայի հասցեին:

Եթե Վենեսուելան չընդունի ԱՄՆ-ի գաղութը կամ նույնիսկ մասը լինելու Թրամփի պահանջն ու պայմանները, և ԱՄՆ-ը լայնածավալ պատերազմ սկսի Վենեսուելայի դեմ, ինչով, ըստ էության, սպառնում է լատինաամերիկյան այդ պետությանը, և ինչի հավանականությունը մեծ է, եթե Վենեսուելան ընկնի, ապա հաջորդը կարող է Կուբան լինել, որտեղ ԽՍՀՄ-ը, իսկ նրանից հետո ԽՍՀՄ-ի իրավահաջորդ Ռուսաստանը Կարիբյան ճգնաժամի արդյունքում ու դրանից հետո պարտություն կրեցին ԱՄՆ-ից (ԽՍՀՄ-ը ստիպված եղավ իր միջուկային հրթիռներն արագորեն հեռացնել Կուբայից, ինչից հետո ԱՄՆ-ը, խախտելով ԽՍՀՄ-ի հետ պայմանավորվածությունը, իր միջուկային զենքը վերադարձրեց Թուրքիա, ըստ որոշ տեղեկությունների, նույնիսկ չհանեց այնտեղից), իսկ Ռուսաստանը զրկվեց Կուբայում դեռ ԽՍՀՄ ժամանակ հիմնված ռազմաբազայից:

Հիշո՞ւմ եք նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ Մոսկվա կատարած այցից ընդամենը մի քանի օր անց, 2018թ. դեկտեմբերի 10-ին ՌԴ օդատիեզերական ուժերի երկու Ту-160 («Белый лебедь») ռազմավարական նշանակության, միջուկային զենք կրելու հնարավորություն ունեցող ռմբակոծիչ–հրթիռակիրների վայրէջքը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի մոտակայքում գտնվող «Մայկուետիա» օդակայանում, ինչպես նաև այդ իրադարձության գովազդումը ռուսական ԶԼՄ-ների կողմից:

Վենեսուելայում Ту-160-երի վայրէջքը Մոսկվայի ռազմաքաղաքական աջակցության ժեստն էր Կարակասին, բա հիմա ո՞ւր մնաց այդ աջակցությունը… Հիմա Ռուսաստանի Ту-160-երը կարո՞ղ են վայրէջք կատարել Վենեսուելայում… Արտաքին ագրեսիվ քաղաքականություն վարող Թրամփն, օգտվելով Վենեսուելայի հարցում նախագահ Պուտինի պասսիվ, կրավորական արտաքին քաղաքականությունից, այնպես արեց, որ հիմա դա Մոսկվայի համար դառնա միայն երազանք:

Ռմբակոծիչների, մոտ 100 ռուսաստանցի օդաչուների դիմավորման արարողության ընթացքում Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսն ասել էր, որ իր երկիրը «պատրաստ է հարկ եղած դեպքում պաշտպանվել մինչև վերջ»: «Associated Press» լրատվական գործակալության տեղեկացմամբ, ռուսական Տու-160 ռմբակոծիչները, ինչպես նաև ռուսական ռազմանավերը վերջին անգամ Վենեսուելա են ուղարկվել 2008թ.՝ Վրաստանի հետ ՌԴ պատերազմից հետո Արևմուտքի և Ռուսաստանի միջև առաջացած լարվածության շրջանում:

ԱՄՆ-ը բացառում է Ռուսաստանի՝ թեկուզ ապագայում Արևմտյան կիսագնդում որևէ ռազմաբազա ունենալու (առավել ևս՝ դրանցում միջուկային սպառազինություն տեղակայելու) հնարավորությունը, որտեղից միջուկային մարտագլխիկներով հրթիռները և միջուկային ռումբեր կրող ռմբակոծիչները, անհրաժեշտության դեպքում, շատ ավելի շուտ կարող են հասնել Վաշինգտոն և Նյու Յորք, ԱՄՆ-ի՝ ռազմավարական առումով կարևոր այլ քաղաքներ ու նահանգներ, քան ՌԴ տարածքից արձակվածները և օդ բարձրացածները:

Մինչդեռ, ԱՄՆ-ը, դեռ չհաշված այն, որ ՆԱՏՕ-ի անդամ և իր դաշնակիցներ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Եվրոպայում, Արևելյան կիսագնդում միջուկային սպառազինություն ունեցող պետություններ են, ոչ միայն պահպանում է իր ռազմաբազաներն Արևելյան կիսագնդում, ինչպես նաև իր միջուկային զենքն Արևելյան կիսագնդի մի շարք պետություններում՝ Թուրքիայում, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, ավելին՝ մտադիր է իր միջուկային զենքը տեղակայել կամ արդեն իսկ տեղակայել է նաև Մեծ Բրիտանիայում, այլև ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունից կամ, ավելի ճիշտ կլինի ասել, ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը հասնելուց հետո Վաշինգտոնի և Հելսինկիի միջև 2025թ. ստորագրված պաշտպանական համագործակցության համաձայնագրով մտադիր է այնտեղ ունենալ տասնյակից ավելի ռազմաբազաներ:

Համենայն դեպս, վերոնշյալ պայմանագիրն ամերիկյան ուժերին հնարավորություն է տալիս մուտք գործել Ֆինլանդիայի 15 ռազմաբազա, այնտեղ զենք ու ռազմական տեխնիկա պահել, ընդ որում, նշված ռազմաբազաներից 5-ը Ռուսաստանին մոտ գտնվող ծայր հյուսիսում են, այսինքն՝ այնտեղից հրթիռները, այդ թվում՝ միջուկային մարտագլխիկներ կրող, կարող են Մոսկվա և ՌԴ այլ քաղաքներ հասնել գրեթե այն նույն արագությամբ, ինչ Ուկրաինայից, եթե Ուկրաինան դառնար ՆԱՏՕ-ի անդամ և այնտեղ տեղակայվեին ԱՄՆ-ի կամ Արևմուտքի միջուկային մարտագլխիկներով հրթիռները: Ինչպես տեղեկանում ենք ТАСС-ի հրապարակումից , ՆԱՏՕ-ն և Հելսինկին մտադիր են Ֆինլանդիայում գաղտնի կերպով տեղակայել միջուկային զենք:

Մինչդեռ, ինչպես գիտեք, Ուկրաինայի նկատմամբ երկուստեք բազմահազար զոհերի և ահավոր ավերածությունների հանգեցրած ՌԴ Հատուկ ռազմական գործողությունը սկսելու հիմնական պատճառներից մեկը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը և այնտեղ արևմտյան միջուկային հրթիռների տեղակայումը թույլ չտալն էր, քանի որ այդ դեպքում հրթիռները կարող էին Մոսկվա հասնել 5-7 րոպեում, ինչը ՌԴ հակահրթիռային պաշտպանությանը չի բավարարում դրանց արդյունավետ հակազդեցության, արձակված բոլոր հրթիռները չեզոքացնելու համար: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ը և Արևմուտքը մտադիր են շախմատային խաղում ՌԴ-ին մատ անել…

Եվ այս ամենին էլ գումարած այն, որ ԱՄՆ-ը մոտալուտ ու լայնամասշտաբ պատերազմով սպառնում է ՌԴ դաշնակից և Հայաստանի բարեկամ ու հարևան Իրանին, մտադիր է այնտեղ հասնել իշխող վարչակարգի տապալման, Իրանում իշխանության գլուխ կարգել նախկին շահի որդուն և այդ երկրում ձևավորել իրեն ձեռնասուն, խամաճիկ ու Ռուսաստանին թշնամի իշխանություն:

Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ինչպես Վենեսուելայի, այնպես էլ Իրանի հարցում լռում են: Վաղը կարող է շատ ուշ լինել…

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ